Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմքի ամրացման ժամանակ օգոստոսի վերջերին գաղտնարան է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ ավելացնելով նաեւ, որ հրավիրվել էին հնագետներ գաղտնարանը ուսումնասիրելու համար։
«Հնագետները, 15 օր ուսումնասիրելուց հետո, եզրակացրել են, որ գաղտնարանը օգտագործվել է մինչեւ 17-րդ դարը, այսինքն՝ մինչեւ գմբեթի վերականգնումը»,-նշեց նա՝ շեշտելով սակայն, որ գաղտնարանը դատարկ է եղել հայտնաբերման պահին, այսիիքն՝ մասունքներ, եկեղացական սպասք, ոչինչ չի եղել ներսում։
Տեր Հովհաննեսի փոխանցմամբ, նախատեսվում է գաղտնարանը ապակիով փակել, լուսավորել եւ այդպիսով ցուցադրել եկեղեցի այցելողներին։
«Եկեղեցու վերակագնման աշխատանքները այս տարի եղանակային պայմանների պատճառով կանգնեցվել են, նախատեսվում են շարունակել գարնանը»,-նշեց Տեր Հովհաննեսը՝ ավելացնելով, որ մինչեւ 2020 թվականը Դադիվանքը ամբողջությամբ կվերականգնվի։




























