Երկուշաբթի ԱՄՆ Գերագույն դատարանը վերականգնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանի գործողությունը՝ մի շարք մուսուլմանական երկրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի քաղաքացիներին երկիր մուտքի վիզա տրամադրելու մերժման մասին: Այս մասին նշված է դատարանի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ 9 դատավորներից 7-ը քվեարկել է Վաշինգթոնի վարչակազմի խնդրանքը բավարարելու օգտին, որով միջնորդվում էր հանել սեպտեմբերին ստորագրված նոր հրամանի վրա ստորադաս ատյանների սահմանած արգելքը:
Այսպիսով, դատարանի որոշմամբ թույլ է տրվում ԱՄՆ ուղեւորությոնների արգելք մտցնել Սիրիայի, Իրանի, Չադի, Եմենի, Լիբիայի եւ Սոմալիի, նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Վենեսուելայի բնակիչների համար: Հրապարակված փաստաթղթում դատարանը չի պատճառաբանել իր որոշումը, սակայն ընդգծել է, որ սպասում է այս գործով դատավարության շարունակություն ստորադաս ատյաններում՝ Սան Ֆրանցիսկոյի (Քալիֆորնիա նահանգ) եւ Ռիչմոնդի (Վիրջինիա նահանգ) վերաքննիչ դատարաններում: Այս շաբաթ այդ դատարաններում կողմերի բանավեճեր կընթանան այն հարցով, թե արդյոք մտցված արգելքը չի գերազանցում ներգաղթի ոլորտում նախագահի լիազորությունները: Երկու դատարանն էլ հարցը կքննեն արագացված կարգով:




























