Ավստրիայի Սահմանադրական դատարանը նույնասեռական եւ տարբեր սեռերի զույգերի ամուսնության կանոնները միատեսակ է դարձրել՝ չեղյալ համարելով իրավաբանական այն նորմը, որով մինչեւ հիմա տարբերակում էր մտցվում նույնասեռական միություն կազմող մարդկանց իրավունքների հարցում, նշված է դատարանի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Որոշումը հիմնված է հավասարության սկզբունքի խտրականության արգելման վրա: Ըստ որում՝ համապատասխան դրույթների չեղարկումը ուժի մեջ կմտնի 2018-ի դեկտեմբերի 31-ից հետո, նշված է դատարանի կայքում:
Հոկտեմբերի կեսին ՍԴ-ն ստուգել էր նույնասեռական զույգերի ամուսնության եւ նույնասեռական հարաբերությունները գրանցած նույնասեռականների վերաբերյալ երկրում գործող նորմերի իրավական դրույթները եւ հայտարարել էր, որ դրանք խտրական են:
Փաստաթղթից հետեւում է, որ ներկայումս նույնասեռական զույգերը մեծ մասամբ հավասար են տարբեր սեռերի ընտանիքներին, նույնիսկ ծնող դառնալու հարցում, սակայն մի քանի իրավական ինստիտուտներ հիմնվում են հարաբերությունների այդ ձեւերի տարբերությունների վրա, ինչը ՍԴ-ն «սեռական կողմնորոշման հարցում անթույլատրելի խտրականություն է համարել»:
Քննության պատճառը կանանց զույգի բողոքն էր, որոնք գրանցված զուգընկերություն էին հաստատել եւ ամուսնության թույլտվություն ստանալու դիմում էին ներկայացրել: Նրանց, սակայն, նախ Վիեննայի քաղաքային խորհուրդն էր մերժել, ապա Վիեննայի վարչական դատարանը՝ վկայակոչելով վիճարկվող նորմը:




























