Ազգային ժողովի արտահերթ նիստում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին,  «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պահանջեց կառավարությանը պարզաբանել, թե ինչու է ՌԴ սահմանապահ զորամասի կողմից արգելանքի պատճառով Մեղրիի ճանապարհներից մեկը վերանորոգելն անհնար դարձել:

«Քիչ առաջ մամուլում մի լուր հայտնվեց եւ պահանջում եմ՝ որեւէ կերպ սրան արձագանքել ու մեկնաբանություն տալ: Բանն այն է, որ Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու շուրջ 40 մետր երկարությամբ հատված չի հաջողվում վերանորոգել, որովհետեւ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլտվություն տրվի այդ հատվածի համար: ՀՀ ռազմավարական կարեւորագույն այդ ճանապարհահատվածի 40 մետրը վերանորոգելու համար այդ համաձայնությունը որեւէ կերպ չի հաջողվել ձեռք բերել»,-ասաց նա:

Նրա խոսքով, սա լրջագույն խնդիր է եւ կառավարությունը պետք է ինչ-որ ձեւով մեկնաբանի, թե ինչու չենք կարողանում ռազմավարական կարեւորագույն ճանապարհները վերանորոգել. «Ինչ պետք է անենք, որ այսպիսի կախվածություն չունենանք ՌԴ-ից եւ կոնկրետ ՌԴ զորամասի քմահաճույքներից»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա, որով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: «Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից»: