ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային  ձեւակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երեւանում էր իրականացվում, այժմ, հնարավոր է կատարել նաեւ տարածքային ստորաբաժանումներում:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հոկտեմբերի 1-ից Տավուշի եւ Լոռու մարզերի բնակիչները Երեւան հասնելու փոխարեն՝ Վանաձորում՝ Արեւելյան մաքսատուն-վարչությունում են ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումը կատարում:

Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի հավաստմամբ՝ հարմարավետ պայմանները թույլ են տալիս քաղաքացիներին բարձրորակ եւ արագ ծառայություն մատուցել. «Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են մեկ պատուհան սկզբունքով: Մեկ հարկի տակ կենտրոնացված են նաեւ բանկի մասնաճյուղը, փորձագիտական կենտրոնը: Ամբողջ գործընթացը տեւում է 30-40  րոպե»:

Մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ՝ միայն հոկտեմբեր-նոյեմբերին ձեւակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել է շուրջ 125 միլիոն:

Նոր գործառույթ՝ նաեւ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար. Վանաձորում՝ Արեւելյան մաքսատուն-վարչությունում են կատարվում ենթակացիզային ապրանքների մաքսային ձեւակերպումները: Մաքսատանն արձանագրում են, որ բարեփոխումների շրջանակում էապես ավելացել են նաեւ գանձումները. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբերին գանձվել է 4.1 միլիարդ դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 5.5 միլիարդ դրամ: Աճը կազմել է 25 տոկոս»,-նշել է Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանը: