ԱԺ արտահերթ նիստը չի կարող ընթանալ այս ռեժիմով: Այս մասին հայտարարեց «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 19-ի նիստի ընթացքը:

Նրա խոսքով՝ անընդունելի է, որ խորհրդարանը այսպիսի կարեւոր հարցերի  շուրջ ստիպված է որոշումներ կայացնել այսպիսի կարճ ժամանակահատվածում, երբ խորհրդարանականները օրենսդրական փոփոխությունների փաթեթներին նույնիսկ պատշաճ կերպով ծանոթանալու ժամանակ չեն ունեցել. «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտեկելտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել, ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող, միգուցե շատ են, բայց «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագով չեն»:

Զոհրաբյանը նաեւ շեշտեց, որ խորհրդարանը կառավարության ստրուկը չէ: Գրեթե համանման կարծիք հայտնեց  «Ելք» դաշինքի  պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այս օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու համար պատգամավորները ընդամենը երեք օր են ունեցել, ինչը  դուր չի եկել «ժողովրդի ծառաներին»: