ԱԺ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտահերթ նիստի մեկնարկին «Ելք» խմբակցության պատգամավորները բողոքեցին, որ կարևորագույն հարցերը 24 ժամվա քննարկման ռեժիմով են բերվում խորհրդարան, ինչը կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց. «Տանել նման օրենքները նման քննարկման սխալ է: Ազգային ժողովը կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն, սենց չի լինի, պարոն Բաբլոյան ջան»։

Բողոքին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ անընդունելի է կարեւոր օրինագծերը նման արագությամբ ընդունելը. «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտեկելտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել, ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող, միգուցե շատ են, բայց «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագով չեն»:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց կրկեր չբորբոքել. «Քվեարկությունն ավարտել ենք արդեն, ըստ դրանց էլ պետք է աշխատել։ Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն արտահայտում է քվեարկությամբ, ավելորդ կրքերի բորբոքումը շահեկան չէ հենց մեր իսկ աշխատանքների համար, 4 հոգի է ընդամենը դեմ քվեարկել»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում են Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը: Այս օրինագծերին ծանոթանալու համար տրվել է ընդամենը 3 օր ժամանակ, ինչն էլ բողոքի պատճառ է դարձել: