ԱՊՀ հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է կանխել մի շարք ահաբեկչական հարձակումներ։ Այս մասին հայատնել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ հանդես գալով ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում կանխվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, չեզոքացվել են ԱՊՀ երկրների արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների վրա ռազմական հարձակումների սպառնալիքներ»,-ասել է նա` առանց հստակեցնելու, թե երբ եւ որտեղ էին ծրագրված եղել ահաբեկչական հարձակումները:
Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը նաեւ նշել է, որ ներկայումս միջազգային ահաբեկչական կազմակերպությունները փոխում են իրենց հարձակումների մարտավարությունը: Ահաբեկչական կազմակերպությունների պարագլուխները իրենց կողմնակիցներին ուղղորդում են քաղաքացիական անձանց, իրավապահների եւ ենթակառուցվածքների դեմ հարձակումներ իրականացնելուն:




























