Ունե՞ք վիճակագրություն, թե անցած մի քանի տարիներին քանի ապօրինի ձերբակալում է եղել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին:

«Եթե ապօրինի է ձերբակալությունը, բայց այնուամենայնիվ կալանավորվում է, ունե՞ք գնահատական, վիճակագրություն միջազգային կառույցների կամ անկախ կազմակերպությունների կողմից»,-ասաց Մելքումյանը:

Նա նաեւ անդրադարձավ «ողջամիտ ժամկետ» արտահայտությանը՝ նշելով. «Հստակ ձեւակերպվա՞ծ են, թե ինչ-որ քմահաճույքով, ազատ ոճի նկարչի տրամաբանությամբ են սահմանվում այդ ժամկետները»:

Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս փոփոխությունը կատարում ենք ոչ թե այն պատճառով, որ վիճակն այնքան էլ լավ չէ, այլ անում ենք զուտ սահմանադրության նոր դրույթները կյանքի կոչելու համար: Նախկինում անձը ձերբակալման որոշումը բողոքարկելուդ հնարավորությունը չուներ: Դրա համար վիճակագրության առկայության կամ բացակայության դեպքում, միեւնույն է այս փոփոխությունը պետք է արվի»:

Ողջամիտ ժամկետի մասով, ըստ նրա, Սահմանադրությունը նախատեսում է «սեղմ ժամկետ» արտահայտությունը. «Այստեղ մենք որոշակի խութ տեսանք, որովհետեւ օրենքի նախագծով սահմանված ժամկետը բավարար չէր, որ անձը կարողանա 72 ժամվա ընթացքում ազատվել ապօրինի ձերբակալությունից»:

Միքայել մելքումյանն էլ արձագանքեց. «Ինձ հետաքրքրում է ՝Հայաստանում ապօրինի ձերբակալություններ կա՞ն, թե չկան: Ես վստահ եմ, որ կան, բայց դրանց չափը, կշիռը կարեւոր է, որովհետեւ մարդկանց կյանքի հետ ենք խաղում: Այդքան մի օգտագործեք ողջամիտ ժամկետը, ո՞վ է որոշելու, թե որն է ողջամիտ ժամկետը: Եթե դրանով տեղ ենք թողնում, որ դատավորը կամ որեւէ պաշտոնյա ինքն է որոշելու, թե որն է ողջամիտը, դա մի հարց է, իսկ եթե ձեւակերպում կա, որը հավասարեցված է որոշակի ժամկետի, դա այլ հարց է»:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով, օրենքով ողջամիտ ժամկետ չի սահմանվել. «Մենք հստակ ժամկետներ ենք սահմանել՝  60 ժամում պետք է վիճարկել ձերբակալության որոշումը, իսկ եթե անձի կյանքին վտանգ է սպառնում, դատարանը պետք է անհապաղ անդրադառնա այդ հարցին»: