2002 թվականին Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որտեղ ասվում է ցանկացած անձ պետք է հնարավորություն ունենա վիճարկել իր ձերբակալումը դատական կարգով, մինչդեռ մինչեւ այսօր այդ հնարավորությունը մարդը չի ունեցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ այս փոփոխություններով այդ հնարավորությունը մարդկանց ընձեռվելու է:
Այդուհանդերձ, Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ այս օրինագծում կան լուրջ խնդիրներ, եւ այնպիսի դրույթներ, որոնց առկայությունը կարող է վտանգի տակ դնել կոնվենցիոն պարտավորությունները. «Եվ լավ է, որ հիմնական եւ հարակից զեկուցողները փաստեցին դա: Մի քանի հանգամանքների մասին է խոսքը: Առաջին՝ անձը, որը ձերբակալվում է, պետք է հնարավորություն ունենա իր ձերբակալումը վիճարկել այն ժամկետում, որ մինչեւ իր ձերբակալման ժամկետ լրանալը ինքն ազատ արձակվելու հնարավորություն ունենա, դա կլինի 12 ժամում, թե 5 ժամում, հարցի երկրորդ կողմն է, պետք է քննարկել»,-ասաց նա:
Երկրորդ հանգամանքն, ըստ Կոստանյանի, այն է, որ անձը իր ձերբակալությունը վիճարկելու համար պետք է իր տրամադրության տակ ունենա բոլոր նյութերը, որի հիման ինքը ձերբակալվել է, հակառակ դեպքում դա կլինի ապրիորի եւ ոչ արդյունավետ:
«Երրորդ եւ ամենակարեւոր հանգամանքն է, որ ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի, եւ պետությունը պարտավոր է փոխհատուցել: Այս նախագծով այդ հարցը պետք է կարգավորվի»,-ասաց նա:
Կոստանյանը նաեւ անդրադարձավ Միքայել մելքումյանի հնչեցրած հարցին, թե կա՞ն Հայաստանում ապօրինի ձերբակալված անձինք եւ կա՞ արդյոք այդ մասին վիճկագրություն: « Չկա նման վիճակագրություն, որովհետեւ ձերբակալության վիճարկում դատական կարգով չի եղել: Այս օրենքի ընդունմամբ մենք կստեղծենք դրա հիմքերը»,-իր խոսքն ամփոփեց Կոստանյանը:




























