Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, ոչ ավելի, ոչ պակաս, գործարք էր: Այս մասին դեկտեմբերի 19-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի, հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ այս փաստն առանձնապես սուր բարձրաձայնվեց անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում: «Ադրբեջանին զենք վաճառելով՝ ՌԴ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կուրատորներն անզգուշություն են դրսեւորել, թերագնահատելով ադրբեջանական կողմի ագրեսիվ տրամադրվածությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու հայտարարությունների ալիքը»,- նշեց Զատուլինը՝ հավելելով, որ Ադրբեջանը խախտել է զուսպ լինելու եւ զենքը հակամարտության գոտում չօգտագործելու իր տված խոստումները:

Խորհրդարանականի խոսքով՝ Ռուսաստանը որոշակի եզրահանգումներ է կատարել եւ ի տարբերություն Ադրբեջանին զենք վաճառելուն, Հայաստանին սպառազինության նորագույն միջոցներ մատակարարեց, փաստորեն, արտոնյալ պայմաններով վարկով, իսկ որոշ դեպքերում՝ անհատույց: Ինչպես նա նշեց, դա անհրաժեշտ էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար, որ կողմերից յուրաքանչյուրը ագրեսիան կրկնելու ցանկության դեպքում հիշի, որ պատիժն անխուսափելի կլինի: