Դատական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում, երբ Երեւանը տարբեր վարչական շրջանների դատարանների փոխարեն կունենա մեկ ընդհանուր իրավասության դատարան, Նոր Նորքի տարածքում տեղի ունեցած խուլիգանության գործը կարող է մակագրվել, օրինակ Աջափնյակի դատավորին, ինչն իր հետ նոր խնդիրներ է բերելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Նա հարց ուղղեց օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին. «Արդյոք դա չի նշանակում, որ դատավարության մասնակիցները, ասենք 30-40 վկա, տուժողներ, որոնք Նոր Նորքի բնակիչ են, գործի քննության համար պետք է ամեն օր գնան հասնեն Աջափնյակ: Իսկ չներկայանալու դեպքում գործերը պետք է հետաձգվեն: Արդյոք ողջամիտ ժամկետ ապահովելու նպատակը հակառակ էֆեկտը չի ստանում, երկրորդ, սոցիալական տեսակետից մարդը պետք է սիստեմատիկ գնալ այլ վարչական շրջան»:

Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ Նոր Նորքից Աջափնյակ հասնելու մեջ խնդիր կա: Մեր քաղաքն էլ այդքան մեծ չի, որ դա խնդիր համարենք: Մարզերում ավելի մեծ խնդիր կա, երբ պետք է ապահովել վկայի ներկայությունը: Անձի համար ավելի ձեռնտու է, որ իր գործն արագ քննվի, քան տարիներով չքննվի, բայց ինքը Նոր Նորքից Աջափնյակ չհասնի»:

Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ իրականում միջազգային պրակտիկայում դատավորների քանակն են ավելացնում, ոչ թե գործերը տեղաբաշխում են դատավորների մեջ. «Դեռ մարդկանց տեղափոխման հարցերն էլ պետք է լուծես, տրանսպորտի փողը պետք է վճարես, սա բերում է գործնական պրոբլեմի: Այնպես չի, որ մարդկանց ասում ես՝ ոնց ուզում ես հասի դատարան»: