ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեռ չգիտի՝ արդյոք 2018-ից հետո ինքը կշարունակի մնալ ԱԺ նախագահի պաշտոնում, թե ոչ: «Ինչպես ժողովուրդը որոշի»,-այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, թե դա ոչ թե ժողովուրդն, այլ խորհրդարանն է որոշելու, Բաբլոյանն ասաց. «Ժողովուրդը քվեարկել է Ազգային ժողովին, նա էլ ինքը կորոշի, բայց հարցը չի դրված քննարկման։ Մի քանի անգամ արդեն ասել եմ՝ եթե ապրիլին մենք ունենք փոփոխություններ նախագահի և ընտրություններ վարչապետի, ապա ԱԺ նախագահի հարցը չի դրված փոփոխության»:

Հարցին, թե ՀՀԿ-ի ԱԺ նախագահի փոփոխության հարց առաջ կքաշի՞, Բաբլոյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, Այս պահին մենք նման հարց չենք քննարկում»:

ԱԺ նախագահը նշեց, որ երկրի նախագահի թեկնածության հարց եւս ՀՀԿ-ում չի քննարկվել: