Ֆրանսիական գանձարանը 350 հազար եվրո է ծախսել երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի՝ Ճապոնիայից Նոր Կալեդոնիա տեղափոխման համար նախատեսված ինքնաթիռի վարձակալության համար: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով France Info- ի ռադիոկայանը եւ պետական ծախսերը վերահսկող ատյանների ոչ պաշտոնական տվյալները:
Այս տվյալների համաձայն՝ վարչապետը դեկտեմբերի 5-ին ռազմատրանսպորտային Airbus A340 ինքնաթիռով վերադառնում էր Ֆրանսիա Նոր Կալեդոնիա կատարած այցից հետո: Տոկիոյում կատարված միջանկյալ վայրէջքից հետո որոշվել էր նույն մոդելի ավելի արագ եւ հարմարավետ օդանավ վարձել, սակայն արդեն ուղեւորատար տեսակի եւ լյուքս դասի:
Ըստ Մատինյոնի պալատի աղբյուրների՝ ինքնաթռը փոխվել էր, որպեսզի վարչապետը հնարավորինս արագ հասնի Փարիզ, քանի որ նա պետք է նախագահեր երկրի Պաշտպանության խորհրդի նիստին: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը, որը սովորաբար ինքն է անցկացնում այդ հանդիպումները Ելիսեյան պալատում, այդ օրը կարեւոր այցով Ալժիր էր մեկնել:
100 ուղեւորի համար նախատեսված A340 ինքնաթիռը վարձակալվել էր Aero Vision մասնագիտացված ընկերությունից: Ինքնաթիռում էին նաեւ Ֆիլիպին ուղեկցող պատվիրակության անդամները՝ նախարարներ եւ հայտնի գործարարներ: Օդանավը դեկտեմբերի 6-ին վայրէջք էր կատարել Փարիզի օդանավակայանում՝ գրեթե դատարկ ժամանած ռազմատրանսպորտային Airbus A340 ինքնաթիռից երկու ժամ առաջ:




























