Վանաձորի ավագանիում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մեկ տարի անց դադարեցրել է բոյկոտը եւ մասնակցել ավագանու նիստին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 33 հոգուց կազմված ավագանու նիստին ներկա է 28 ավագանու անդամ: «Լուսավոր Հայաստանի» 10 անդամից ներկայացել է 8-ը: Իսկ ահա ԲՀԿ խմբակցության 3 անդամները չէին եկել: Փոխարենը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկա էին ողջ կազմով:

Նիստի սկզբում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ քաղաքապետի նախկին տեղակալ Արտյոմ Գրիգորյանին քաղաքապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին: «Լուսավոր Հայաստանից» տարակուսեցին՝ արդյոք գլխավոր խորհրդականն ավագանու անդամ լինելու իրավունք ունի: Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց՝ այո, ունի:

Ավագանու քննարկմանն էր ներկայացված համայնքի 2018 թ.-ի բյուջեի նախագիծը: Քննարկումներից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները միաձայն դեմ քվեարկեցին բյուջեի նախագծին: Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը բյուջեի նախագծին դեմ լինելը հիմնավորեց զարգացման ծրագրին համահունչ չլինելու հանգամանքով:

«Համայնքներն անցնում են ծրագրային բյուջետավորման, ոչ թե ծախսային: Իսկ մենք 17 տարի շարունակ ու հիմա էլ չենք կարողանում ծախսային բյուջեից անցնել ծրագրային բյուջեի: Ինչքան էլ որ ասվում է, որ բյուջեն բխում է զարգացման ծրագրից, դուք դրան համահունչ որեւէ կետ չեք տեսնի: Ունենալով նման պատկեր, նման բյուջեին կողմ քվերակելու որեւէ հիմք չունենք:

Այդուհանդերձ, ավագանու անդամը վստահեցնում է՝ վերահսկելու են բյուջեի ծախսերը, որպեսզի դրանք արվեն նպատակային ու օպտիմալ: