Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, քվեարկել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այդ թվում «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունները եւ կից փաստաթղթերի փաթեթը առաջին ընթերցմամբ:

Բացի այդ, ընդունվել են հետեւյալ օինագծերը.

- «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը (առաջին ընթերցում),

- «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի մասին» օրենքի փոփոխությունները եւ «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունները (առաջին ընթերցում),

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը (առաջին ընթերցում),

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը (առաջին ընթերցում),

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը (Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ),

«Զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» օրենքի փոփոխությունները (առաջին ընթերցում)

«Բյուջետային համակարգի մասին» օրենքում եւ «պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը (երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ),

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը (Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ):

Նշենք, որ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություներով մասնավորապես, փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու եւ ծնողական իրավունքները սահմանափակելու կարգում: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, այս փոփոխություններով ամրագրվում է, որ ընկեցիկ երեխային միայն 3 ամիս հետո կարող են որդեգրել՝ պայմանով, եթե ոստիկանությունը փնտրի եւ չգտնի ծնողներին:

«Մենք քրեական պատիժ ենք նախատեսել այն դեպքերում, երբ կա դատարանի վճիռ երեխային տեսակցելու մասով, սակայն այդ տեսակցությունը խոչընդոտվում է»,-ասաց նա: Բացի այդ, սահմանվել է, որ որդեգրողի եւ որդեգրվող երեխայի տարիքների տարբերությունը չի կարող 50 տարուց ավելի լինել:

«Օրենսդրությամբ բացված ամրագրվել է երեխայի «լավագույն շահ» հասկացությունը: Ընդլայնվել է երեխայի՝ սեփական կարծիք արտահայտելու հնարավորությունը: Ներկա օրենսդրությամբ 10 տարեկան երեխայի կարծիքն է հաշվի առնվում, իսկ հիմա առաջարկվում է, որ մինչեւ 10 տարեկան երեխաների կարծիքը եւս հաշվի է առնվում նրա զարգացածության աստիճանին համահունչ»,-ընդգծել է փոխնախարարը: