Կոտայքի մարզի բնակիչ Լեւոն Չիլինգարյանը պնդում է, որ իր որդին հոգեկան խնդիրներ ունի, բայց զորոկոչում են բանակ:

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված, 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովում Լեւոն Չիլինգարյանն արտասվելով պատմեց, որ իր որդին, առանց դեղորայք ստանալու, ագրեսիվ է դառնում, հարձակվում է ընտանիքի անդամների վրա, մինչդեռ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովն այդ փաստն անտեսել է եւ որոշում կայացրել տղային պիտանի ճանաչել՝ ծառայության սահմանափակումով:

«Ինքս Արցախյան պատերազմի մասնակից եմ, մի տղաս բանակում ծառայել է, էս փոքր տղաս հիվանդ ա, խեղճ երեխաս հենց դեղը չի ընդունում, ագրեսիվ ա դառնում, դանակները սաղ պահել եմ, որովհետեւ եթե դեղը չխմի, կարող ա մարդ էլ սպանի: Նոպա ունի, որ բռնեց, բռնեց... 15 տարեկանում սթրես ա տարել, քիչ էր մնում՝ իրեն պատշգամբից գցեր, մի կերպ կանխեցինք ու հիվանդանոց հասցրինք: 10 օր պառկեց հոգեբուժարանում, դրանից հետո դեղեր են նշանակել, ինքն էլ մշտական հսկողության տակ է գտնվում: Որ տղաս գնաց, մարդ սպանեց, ո՞նց ենք պատասխան տալու: Երեխուն պիտի չջղայնացնես, թե չէ պատասխանատու չես նրա արարքների համար»,- պատմեց Լեւոն Չիլինգարյանը:

Զորակոչիկ Հարություն Չիլինգարյանը, պատասխանելով հասարակական խորհրդի հանձնաժողովի անդամների հարցերին, նշեց, որ ինքն անընդհատ վախի մեջ է. «Վախենում եմ, որ կարող ա լուրջ հիվանդություն ստանամ, դրանից էլ ներվայնանում եմ»:

Նշենք, որ բանակ զորակոչի պիտանելիությունը որոշելու համար Հարություն Չիլինգարյանը հետազոտվել է «Նուբարաշեն» հոգեբուժարանում ընդամենը 1 օր: Հասարակական խորհուրդը որոշեց միջնորդել ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որ 1 շաբաթյա ժամկետով հետազոտություն ենթարկվի զորակոչիկը, քանի որ պետք է զննել նրա վարքը դեղեր չընդունելուց առնվազն 5 օր անց միայն: