Բրիտանական կառավարությունը մտահոգված է, որ Իսպանիան կփորձի Ջիբրալթարի հարցը ներառել Brexit-ից հետո անցումային ժամանակահատվածի բանավեճի մեջ: Այս մասին հայտնում Politico-ն՝ վկայակոչելով բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Իսպանիայի կառավարությունը դիվանագիտական հաղթանակ էր տոնել Brexit-ի հարցով բանակցությունների սկզբում՝ ԵՄ մյուս 27 անդամներին համոզելով Մադրիդին գործուն վետո տրամադրել Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ ապագա առեւտրային հարաբերությունների եւ Ջիբրալթարի վրա դրանց ազդեցության հարցում:

Մեծ Բրիտանիան մինչեւ հիմա համարում էր, որ դա կվերաբերի միայն ապագա հարաբերություններին, որոնց վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի միայն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Լոնդոնը պնդում է, որ 50-րդ հոդվածը պետք է Բրիտանիան եւ իր անդրծովյան տարածքները դիտարկի որպես մեկ ամբողջություն, ինչը փաստացի նշանակում է, որ անցումային ժամանակաշրջանի մասին համաձայնագիրը հավասարապես տարածվում է Բրիտանիայի եւ Ջիբրալթարի վրա:

Հիմա Լոնդոնը կարծում է, որ Մադրիդը փորձում է բանակցություններ վարել այն հարցի շուրջ, թե անցումային փուլն ինչպես է ազդելու Ջիբրալթարի վրա:

«Եթե բրիտանական անդրծովյան տարածքները չմտնեն անցումային ղեկավար սկզբունքների մեջ, դա լիովին կհակասի ԵՄ սեփական դիրքորոշմանը: Ապրիլին ղեկավար սկզբունքներից հասկացվել է, որ 50-րդ հոդվածով բանակցությունները վերաբերում են մեր անդրծովյան տարածքներին, եւ այս անցումը գործընթացի մի մասն է»,- ասել է բրիտանացի պաշտոնյաներից մեկը:

Ինչպես հայտնի է, Ջիբրալթարը բրիտանական անդրծովյան տարածք է, որը գտնվում է Պիրենեյան թերակղզու հարավում: Իսպանիան այս տարածքի նկատմամբ իրավունքներ է ներկայացնում: