ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Դատական օրենսգրքի մասին հայտարարություն անելիս՝ հիմնվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի տեսակետի վրա, որ Դատական օրենսգիրքը սահմանադրական է: Այս պարզաբանունը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է Ազգային ժողովի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասպանատու Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվել է 63 կողմ ձայներով ու մեծ աղմուկով:

Բանն այն է, որ այս օրենքն ընդունելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի ձայները՝ այսինքն առնվազն 63 ձայն, սակայն ցուցատախտակը ցույց էր տալիս, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ ձայն Արփինե Հովհաննիսյանի կողմից է, ով ներկա չէ նիստին, սակայն նախապես տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու: Սակայն ընդդիմությունը պնդում էր, որ ըստ ցուցատախտակի, կողմ է քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, ով իրականում դեմ է եղել:

Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ է սկսվել: «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության, սակայն նրանց պահանջը չկատարվեց: «Ելք»-ի պատգամավորները սկզբում սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին, ապա հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցելու «կոմեդիա» քվեարկություններին:

Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Արա Բաբլոյանը շփոթել է, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական օրենք չէ, ուստի անհրաժեշտ չէր 63 կողմ ձայներ: