Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կարգավորվող կարեւորագույն հարցը դատավորի արտաքին եւ ներքին անկախությունն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելիս նշել է հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, արտաքին անկախությունը դատական համակարգից դուրս գտնվող որեւէ այլ մարմնից անկախությունն է, որի առումով այս օրենսգրքում մի քանի հետաքրքիր դրույթներ են ներառված. «Նախ, դատավորի վարքագծի կանոն է սահմանված, որ իր գործունեությանը միջամտելու ցանկացած փորձի մասին նա պարտավոր է հայտնել բարձրագույն դատական խորհրդին, իսկ վերջինս պետք է համապատասխան մարմին միջնորդությամբ դիմի, որպեսզի այն անձը, որը որոշել է դատավորի վրա ճնշում գործադրել, ենթարկվի պատասխանտվության: Եթե բարձրագույն դատական խորհրդի միջնորդությունն անպատասխան մնաց, նա պետք է հանդես գա հայտարարությամբ»:
Երկրորդ կարեւոր դրույթը, ըստ Դավիթ Հարությունյանի, դատավորի պաշտպանությունն է տարբեր քննչական գործողություններից:
Ինչ վերաբերում է դատավորի ներքին անկախությանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այժմ գործող դատարանների նախագահների խորհուրդը վերացվում է. «Բարձրագույն դատական խորհուրդն է լինելու հիմնական մարմինը, որն ստանձնելու է բոլոր կարեւորագույն ֆունկցիաները՝ ապահովելու դատական իշխանության անկախությունը: Պատահական չէ, որ Սահմանադրությունը նախատեսել է դատարանների նախագահների ընտրովիություն եւ որոշակի ժամկետ: Դատարանի նախագահը ժամկետը լրանալուց հետո չի կարող վերընտրվել նույն պաշտոնում:
Քանի որ ներքին անկախության կարեւոր տարրերից մեկն է դատավորի անկախությունը դատարանի նախագահից, էապես փոխվել են դատարանի նախագահի լիազորությունները: Դրանք սահմանափակվել են զուտ դատարանի լիազորությունները կազմակերպելու հարցերով, ինչպես նաեւ այլ մարմինների հետ դատարանը ներկայացնելու հարցերով»,-ընդգծեց նախարարը:
Այս օրենսգրքով նախատեսված եննաեւ փոփոխություններ, որոնք ուղղված են դատական պրոցեսի արդյունավետության բարձրացմանը. «Առաջին անգամ ամրագրում ենք, թե ինչ է նշանակում գործի քննությունը եւ լուծումը ողջամիտ ժամկետում՝ մանրամասն տալով այն չափանիշները, ինչպես դա պետք է գնահատվի: Ամենակարեւորն այն է, որ նախատեսում ենք, որ կարող են դիմել դատարան, որպեսզի ճանաչվի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը: Քրեական գործերով մինչդատական վարույթները այսուհետ պետք է վերահսկվեն միմիայն քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա անդրադարձավ նաեւ դատավորների քանակին, նշելով. «Հայաստանը մեկ շնչին ընկնող դատավորների քանակով իրականում ԵԽ երկրների մեջ զբաղեցնում է վերջին տեղը, ամենաքիչ դատավորներ ունեցող երկիրը հենց Հայաստանն է: Սա չի նշանակում, որ մենք պետք է ավելացնենք դատավորների թիվը, սա նշանակում է, որ մենք պետք է գտնենք ներքին եռսուրսներ, բարձրացնելու նրանց արդյունավետությունը, բայց իհարկե, որոշ դեպքերում, պետք է նաեւ անդրադարձ արվի քանակի ավելացմանը: Բարձրագույն դատական խորհրդին իրավունք է տրվում, եթե անհրաժեշտ է, կառավարության հետ քննարկումների արդյունքում կատարել դատավորների թվի ավելացում: Բացի այդ, դատարանի նախագահի եւ դատավորի միջեւ գործերի ծանրաբեռնվածության տարբերությունը չի կարող 10 տոկոսից ավելի լինել»,-իր խոսքն ամփոփեց Դավիթ Հարությունյանը:




























