Դատավորը պետք է պատասխանատվություն զգա իր կայացրած որոշման որակի համար. դրա համար Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծով նաեւ շատ մանրամասն կարգավորվում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերն ու գործընթացները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Նա այդ համատեքստում կարեւորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կոնտեքստում հայաստանյան դատական սխալների շտկման գործընթացը:

Անդրադառնալով հասարակության մեջ բարձրացվող հարցին, թե ինչու ՄԻԵԴ որոշումներից հետո մեղավոր դատավորները չեն ենթարկվում պատսախանատվության, Կոստանյանն ասաց. «Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, դատավորներին ֆինանսական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը համաշխարհային պրակտիկայում բացակայում է, որովհետեւ դատավորը պետք է ունենան ֆինանսական անկախության երաշխիքներ: Բայդ դա չի նշանակում, որ իրենք պատասխանատու չեն իրենց կայացրած դատական ակտի համար: Դրա համար ԱԺ հանձնաժողովում էլ քննարկել ենք, որ դատավորները, ում վարած գործող ՄԻԵԴ-ը կկայացնի խախտման փաստը ճանաչող ակտ, դա առնվազն հիմք հանդիսանա, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար»:

Միաժամանակ Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ ՄԻԵԴ-ի վճիռն ինքնին հիմք չէ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց գործընթաց սկսելու համար կարող է հիմք հանդիսանալ: