«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ տեղի է ունեցել ակնհայտ կեղծիք, որը հիմա պետք է մանրամասն պարզաբանում ստանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց քվեարկության ամբողջ ընթացքը՝ նշելով. «Քվեարկությունից առաջ, ԱԺ նախագահ Արա Բալոյանը հայտարարեց, որ քանի որ Դատական օրենսգիրքը դատական օրենք է, նրանում կատարվող փոփոխությունները պետք է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-րդով, այսինքն առնվազն 63 կողմ ձայնով: Քվեարկությունից հետո ցուցատախտակը ցույց տվեց 61 կողմ և արձանագրվեց, որ որոշումը չի ընդունվել: Երբ ցուցատախտակին քվեարկությունը վերականգնվեց, Ռուստամ Մախումդյանը հայտարարեց, որ իր քվեարկության կոճակը չի աշխատել: Նիստը նախագահողը գումարելով Մախմուդյանի ձայնը եւ գործուղման մեջ գտնվող Արփինե Հովհաննիսյանի ձայնը, հայտարարվեց, թե օրենքի նախագիծն ընդունվել է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հայտնել է, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը և այդ մասին հայտնել է քարտուղարությանը:
Փաշինյանը շարունակեց, որ դրանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մեջբերել է ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, որ Ազիզյանի հայտարարությունը վավերական չէ, ու ուժի մեջ չէ. «Բայց ԱԺ կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածը մինչև 7-րդ մասը, ունի նաև 6-րդ մաս, որտեղ գրված է, որ քվեարկության արդյունքները քվեատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին հայտարարում է որևէ պատգամավոր, կապ չունի՝ քվեարկողը, չքվեարկողը, եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա։ Ոչ թե ազդում է, ապացուցված է, այլ կարող է, ապա նիստը նախագահողի առաջարկով` առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է: Այսինքն` կանոնակարգն այս հարցը լուծել է: Հետևաբար, եթե Ազիզյանի պահն էլ հանենք, Մախմուդյանը հայտարարել է, որ իր կոճակը չի աշխատել, որը ուղիղ ազդել է քվեարկության վրա: Հետևաբար, ԱԺ նիստը նախագահողն այլ բան չպետք է աներ, քան իրականացներ վերաքվեարկություն»:
Այդ դեպքում, ըստ Փաշինյանի, բոլորին ամեն ինչ պարզ կդառնար, որ օրենքը չի ընդունվել և հիմա էլ պարզ է. «Ուզում եմ արձանագրել, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերը չեն ընդունվել»:
Փաշինյանի հայտարարությանը արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը, որ կանոնակարգ օրենքը 60-րդ հոդվածի 6-րդ կետը ասում է` քվեարկության արդյունքները լուսատախտակին վերականգնվում են, եթե որևէ պատգամավոր դրա մասին հայտնում է, և Արա Բաբլոյանն էլ վերականգնել է:
Շարմազանովը շարունակեց, որ վերաքվեարկություն է կատարվում, եթե որևէ պատգամավոր հայտնաբերում է խախտումներ. «Իսկ այս դեպքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ես` որպես նիստ նախագահող, կրկնում եմ` «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր` սկսած Նապոլեոն Ազիզյանից, վերջացրած այլ պատգամավորով, նիստի ժամանակ վարման կարգի վերաբերյալ որևէ առաջարկություն չի արել»:
Նիկոլ Փաշինյանը տեղից բղավեց, որ խոսքը Ռուստամ Մախմուդյանի մասին է, ում կոճակը չի աշխատել և ԱԺ նախագահը պարտավոր էր վերաքվեարկություն անել:
Էդուարդ Շարմազանովն էլ նշեց. «После обеда горчицы не надо... Օրենքն ընդունվել է և ամեն ինչ օրինական է եղել»:




























