Քանի դատարան ուզում եք ստեղծեք Երեւանում, բայց դա չպետք է ազդի քաղաքացիների հասանելիության վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում Դատական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: Նշենք, որ փոփոխությունը ենթադրում է, որ Երեւանն ունենալու է մեկ ընդհանուր իրավասության դատարան, վարչական շրջաններն առանձին դատարաններ չեն ունենալու:
«Շատերը ընկալում են, որ դա վերաբերում է մեկ դատարան ստեղծելու կամ տաս դատարան ստեղծելու խնդրին, դա իմ խնդիրը չէ, դա կառավարությունը թող որոշի՝ 1, թե 50 դատարան է պետք Երեւանում, խնդիրը հետեւյալն է. ինչ կառուցվածք էլ ունենա, դա չպետք է ազդի քաղաքացիների հասանելիության վրա: Երեւան քաղաքի սահմաններում 15, 20 կմ հեռավորության մասին է խոսքը, չնայած ընդդիմախոսներն ասում են` դա ի՞նչ է որ: Եթե այդ նույն սկզբունքով առաջնորդվենք, Երեւանում սոցիալական ծառայություն տարբեր վարչական շրջաններում մեզ պետք չէր լինի, պետք չէին լինի նաեւ անձնագրային ստորաբաժանումներ: Երեւանի կենտրոնում մի հատ սոցիալական ծառայություն կունենայինք, բոլոր վարչական շրջաններից կգնային: Վարչական շրջանների բաժանման իմաստը բնակիչների հասանելիության ապահովումն է»,-ընդգծեց Կոստանյանը:
Նրա խոսքով, ստացվում է, որ եթե այդ գործը ընդհատյա է Նոր Նորքի դատարանին, բայց դատավորը ծանրաբեռնված է, կարող է գործը հանձնվել Աջափնյակի դատարանին. «Ես դրան եմ դեմ, լուծումը` այդ թվում նաեւ միջազգային պրակտիկայում, դատավորների թվի ավելացումն է»:
Կոստանյանը նշեց, որ քրեական, քաղաքացիական գործով շատ բարդ է վկաների տեղափոխություն ապահովելը. «Հա, եթե տեսականորեն նստենք, օրենք գրենք՝ շատ հեշտ է, բայց գործնականում պետք է հաշվի առնել, թե ինչ պրոբլեմ է առաջացնում՝ թե՛ իրավապահ մարմնի համար, որ ապահովվի վկաներին, թե՛ քաղաքացու համար, որ պետք է ամբողջ քաղաքը կտրի անցնի: Այնտեղ բազմաթիվ այլ գործոններ էլ կան` այդ թվում եւ ֆինանսական խնդիրներ»:




























