Դեկտեմբերի 19-ին Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասկեսին:
ԱԳՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությանը հետեւել է կարճատեւ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների ներկայիս ընթացքը եւ հետագա համագործակցության հնարավորությունները:
Դեսպան Մկրտումյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվային՝ Հայաստանին մշտապես աջակցելու եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջնորդելու համար: Դեսպան Մկրտումյանն նախագահ Վասկեսին շնորհակալություն է հայտնել նաեւ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ուրուգվայում պետական բարձր մակարդակով անցկացնելու եւ միջոցառումների ընթացքում ելույթ ունենալու համար:
Տաբարե Վասկեսն իր հերթին կարեւորել եւ բարձր է գնահատել հայ համայնքի ներդրումը Ուրուգվայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքում եւ հայտնել իր պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը:
Նույն օրը Ուրուգվայի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել եւս 13 պետությունների դեսպաններ՝ բոլորը համատեղության կարգով:



























