Դավիթ Հարությունյանն ունի իր կարծիքը, որն արտահայտեց ու ճիշտ չի լինել ասել, որ նման մոտեցումը հիմք չունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ԱԺ-ում աղմուկ առաջացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական չէ։
«Նման հիմք կարող էր լինել, բայց այդ դեպքում առաջանալու էր այն մոտեցումը, որ դրանք սահմանադրական են և այդ դեպքում մեծամասնության հանդեպ կարող էր հնչել մեղադրանք, որ փորձել է հեշտ ճանապարհով գնալ: Եթե կա վեճ, տարբեր ընկալում, ապա մեծամասնությունը պետք է գնա բարդ ճանապարհով, որպեսզի չմեղադրվի, որ գնացել եք հեշտ ճանապարհով», - նշեց նա։
Անդրադառնալով իր եւ Դավիթ Հարությունյանի միջեւ անձնական հակասությունների մասին տեղեկություններին, Հրայր Թովմասյանն ասաց. «Ես եւ Դավիթ Հարությունյանը տարբեր իրավական հարցերի շուրջ ունենում ենք քննարկումներ, տարբեր կարծիքներ: Անձնական հակասություններ բացարձակ չկան: Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ։ Ես վերջին մեկ ամսում երեւի 20 օր անցկացրել եմ Արդարադատության նախարարությունում, տարբեր նախագծեր քննարկելու: Մոռացե՛ք, տենց բաներ մի փնտրե՛ք։ Էսօրվա մամուլն էլ ա էդպիսի բաներ գրում, չկա այդպիսի բան»:




























