Երբ աբսուրդ ձեւով վերցնում ես 20 րոպեանոց ընդմիջում, դա կանոնակարգի խախտում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ելք» խմբակցությունն ամեն քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում:

Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետեւից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»:

Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը՝ Գալուստ Սահակյանը նպատասխանեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա Ազգային ժողով է, եւ այստեղ բացի օրենսդրությունը կա նաեւ տրադիցիա։ Էն խնդիրները, որ վիճում էին, որ չի քվեարկել, պետք է նորից քվեարկի, դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը», - ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչպես պետք ցույց տալ այդ տեղը, Սահակյանը ընդգծեց. «Ընդդիմությունը պետք է իմանա, թե իր տեղը որտեղ է։ Ինչքան որ դու ձայներ ես հավաքել, այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդիդմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է ինչ-որ տեսակավորել, դա կարծում եմ՝ ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի», - նշեց նա։

Հիշեցմանը, որ ընդդիմությունը պնդում է, որ ՀՀԿ-ն ուզում է կեղծիքով օրենքներ ընդունել, իրենք էլ դեմ են, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հասկանալի է, դա ընդդիմության գործը չէ, դա ոչ էլ ձեր գործն է: ԱԺ պատգամավորը պետք է այնքան հասու լինի, որ իր գործունեությամբ այնպիսի դաշտ ստեղծի, որ պետության զարգացման համար հիմքեր ստեղծի: Ընդդիմությունը պետք է գա եւ քննադատի: