«Ելք» խմբակցությունը որպես խաղալիք օգտագործեց ԱԺ կանոնակարգ օրենքը եւ այդ խաղալիքը մենք իրենց ձեռքից կվերցնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին ԱԺ նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ելք» խմբակցությունը ամեն քվեարկությունից առաջ օգտվում էր 20 րոպե ընդմիջում վերցնելու հնարավորությունից:

«Այսօրվա տեղի ունեցածը կարելի էր ոչ դրական բառերով գնահատել: Նրանք որպես խաղալիք օգտագործեցին ԱԺ կանոնակարգը: Այդ հնարավորությունը մենք ենք տվել ձեզ, հավանաբար, այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, որովհետեւ դուք դրանով կվնասեք նաեւ ձեզ»,-ասաց Նիկոյանը:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով վերջին անգամ չթողեց, որ «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցնի, եւ ինքը ՀՅԴ-ի անունից՝ ընդմիջում վերցրեց, ասաց. «20 րոպե ընդմիջում վերցնելը բացարձակապես կապ չուներ «Ելք» խմբակցության գործունեության հետ, ես չեմ էլ հիշում, թե ինչ են արել նրանք այսօր: Մենք օգտվել ենք ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ տրված իրավունքից, մոռացեք, որ դա ձեզ հետ որեւէ առնչություն ունի»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց իրենք այսօրվա գործողությունների իմաստը. «Այսօրվա մեր գործողություններով ի ցույց դրեցինք, որ ինչպես նախկինում օրենքի, այսպիսով ժողովրդի եւ պետության շահերի ոտնահարման որեւէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց. «Այսօր ձմեռային գիշերահավասարի օրն է եւ մի քանի օրեից օրերը սկսելու են երկարել: Ես մեծ կասկածներ ունեմ, որ աստղերը լուրջ ազդեցություն են ունեցել այս իրավիճակի վրա»: