Ամփոփվեց Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի եւ PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում», ծրագրի մասնակիցների կատարած լուսանկարների ցուցահանդեսը եւ հաղթող մասնակիցների պարգեւատրումը։
Գնահատող հանձնաժողովի կողմից նախապես ընտրված 5 հաղթողները պարգեւատրվեցին դյուրակիր համակարգիչներով։
Բացի այդ, ցուցահանդեսին հրավիրված Ծրագրի գործընկերները եւ թիրախավորված 5 համայնքապետարանների ներկայացուցիչները ցուցադրված 50 նկարներից փակ քվեարկությամբ ընտրեցին լավագույն 5-ը: Այս նկարների հեղինակներին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լեւոն Գալստյանը նվիրեց ընկերության նոր արտադրանքը՝ EcoPad բազմակի օգտագործման նոթատետրերը:
«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին նման գեղեցիկ եւ արդյունավետ համագործակցության համար։ Կարծում եմ, այս ծրագիրը շատ օգտակար էր մեր մասնակիցների համար, եւ նրանք հասցրեցին շատ բան սովորել։ Կարեւոր է, որ մեր երիտասարդները հասկացան, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ լուծել ամենօրյա խնդիրներն ու բոլորի կյանքը փոխել դեպի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline-ի աջակցությամբ իրականացված եւս մեկ հաջողված ծրագիր մոտեցավ իր ավարտին: Երեք մարզերի 5 համայնքներից ընտրված պատանիները Ծրագրի ընթացքում մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, ձեռք են բերել PicstArt հավելվածով աշխատելու հմտություններ, ինչպես նաեւ կարողացել են 321 նկարների միջոցով բարձրաձայնել իրենց համայնքների խնդիրները եւ առաջարկել են այդ խնդիրների լուծումները», - նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարել են իրենց համայնքների խնդիրները եւ PicsArt հավելվածի միջոցով պատկերել են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր եղավ զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները, ինչպես նաեւ հասցեագրել համայնքներում առկա խնդիրները:




























