Իրավագիտությունը վիճելի է, եւ տարբեր մեկնաբանություններ կան տարբեր հոդվածների շուրջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Դատական օրենսգրքի շուրջ հակասություններ չկան, կան իրավաբանների տարբեր կարծիքներ՝ օրենքը սահմանադրական է, թե ոչ»,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
«ԱԺ-ն շարժվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքով: Նաեւ իրավաբանական վարչությունը տվել է եզրակացություն, որ այդ օրենքի նախագիծը սահմանադրական է: Այդ իսկ պատճառով ԱԺ ղեկավարությունը շարժվել է այդ հորդորով»,- ասել է Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե սրանով փորձում էին հարված հասցնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ցույց տալու, որ նա շեղվել է ԱԺ կանոնակարգից, քանի որ, մասնավորապես, տեղեկություններ կան, որ Վահրամ Բաղդասարյանը աչք ունի Բաբլոյանի պաշտոնի վրա: Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Մեր խմբակցությունում, առավել եւս ինձ մոտ մի կանոն է գործում՝ գործընկերներին բարձրացնել, ոչ թե իջեցնել: Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր տեղում է, աշխատում է ճիշտ, կարողանում է հարաբերությունները ճիշտ պահպանել եւ ԱԺ Կանոնակարգ օրենքից որեւէ շեղում չի կատարել»։




























