Երկու կուսակցություններն էլ ներկայացնող ամերիկյան սենատորների մի խումբ օրինագիծ է ներկայացրել, որը կոչված է կանխարգելել Ռուսաստանի եւ այլ երկրների միջամտությունը ապագա ընտրություններին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Փաստաթղթի հեղինակները զգուշացնում են, որ ընտրություններին ռուսական միջամտությունը կարող է կրկնվել:
Պաշտոնական անձանց խոսքերով՝ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների գրանցման համակարգերը ռուսական հաքերների կողմից հարձակման են ենթարկվել առնվազն 21 նահանգում: Հաքերները նաեւ կոտրել են ընտրությունների հետ կապված 4 համակարգչային համակարգ:
Անվտանգ ընտրությունների մասին օրինագիծը կոչված է կանխել արտաքին միջամտության հետագա որեւէ փորձ: Ըստ օրինագծի՝ նահանգների իշխանությունների ներկայացուցիչները մուտք կունենան գաղտնի նյութերի համակարգ, ինչպես նաեւ օպերատիվ կերպով կտեղեկացվեն օտարերկրյա միջամտությունների մասին: Տեղեկատվություն կփոխանակվի նաեւ դաշնային հետախուզական մարմինների եւ նահանգների ընտրական գերատեսչությունների միջեւ:




























