Հայաստանը հարաբերությունները պետք է ընդլայնի եւ զարգացնի Ասիայի երկրների եւ մասնավորապես՝ Հնդկաստանի հետ: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ Հնդկաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային խոշոր խաղացող է: «Կարծում եմ՝ բարենպաստ միջավայր կա, որպեսզի քաղաքական ուժերն ու կառույցները կարողանան հարաբերություններն ամրապնդել Ասիայի շատ երկրների հետ»,- նշեց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այս ենթատեքստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին արդեն պաշտոնական այցով այցելել է Հնդկաստան:

Նա միաժամանակ ընդունեց, որ ընդհանուր առմամբ, այս երկրները Հայաստանի ավանդական գործընկերները չեն, ինչպես, օրինակ, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը: Սակայն ասիական երկրները մեծաթիվ են, եւ նրանք համաշխարհային ասպարեզում շատ կարեւոր դեր են խաղում: «Այդ պատճառով այս ուղղությամբ հարաբերությունների ընդլայնումը ապագայում դրական արդյունքներ կտա»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: