Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:
«Ձեւավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ եւ հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը», - նշել է վարչապետ Կարապետյանը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների եւ միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների եւ ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից:
Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզ:




























