Դատական օրենսգրքի եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց մեկ օր անց միայն Փաստաբանների պալատը որոշել է անդրադառնալ դրանց:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս նախագծերը մշակելիս «արհամարհել են» Փաստաբանների պալատի, դատական համակարգի եւ գլխավոր դատախազության կարծիքները: Նշենք, որ եթե Դատական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվի, այսուհետ դատավորները հնարավորություն կստանան փաստաբաններին տուգանելու 100 հազար դրամով:
«Հնարավոր է՝ մեկ դատական նիստի ընթացքում փաստաբանը ստանա մինչեւ 1 մլն դրամ տուգանք, եթե օրենքով սահմանված կարգով առարկեն նախագահող դատավորի գործողությունների դեմ: Մյուս անգամ փաստաբանը սկսելու է կաշկանդվել: Նախ եւ առաջ մեզ պետք է օրենսդիրը երաշխիքներ տա, որ չեն լինելու անբարեխիղճ դատավորներ: Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից արհամարհական վերաբերմունք եմ տեսնում մասնագիտական կառույցների հանդեպ: Մենք փաստաբաններս ի՞նչ անենք, փողոց դուրս գա՞նք, ինտելեկտուալ հարթակը թողնենք, գնանք Կառավարության մոտ կանգնե՞նք, Ազգային ժողովի մոտ պաստառներով կանգնե՞նք: Պահանջում ենք Ազգային ժողովից, որ մասնագիտական կառույցների մասնակցությամբ քննարկումներ արվեն»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Պալատի նախագահը նշեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենք չեն հասցրել դիրքորոշում հայտնել, քանի որ 1-ամսյա ժամկետը շատ քիչ է նման ծավալուն նախագծին ծանոթանալու եւ կարծիք հայտնելու համար: Ինչ վերաբերվում է Դատական օրենսգրքի նախագծին, Արա Զոհրաբյանի խոսքով, ժամանակի սղության պատճառով իրենք դիրքորոշում են հայտնել միայն տուգանքների մասով, իսկ մյուս դրույթների վերաբերյալ կարծիքն արդեն ուղարկել են Ազգային ժողով, սակայն, դրանցից եւ ոչ մեկը հաշվի չի առվել:
Հարցին, թե ինչու է իր գնահատմամբ Կառավարությունն «արհամարհում» Փաստաբանների պալատին, Արա Զոհրաբյանը հորդորեց դիմել հենց Կառավարությանը: Մյուս դիտարկմանը, թե արդյոք ուշ չէ՞ հիմա ասուլիս հրավիրելու համար, երբ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, Պալատի նախագահն արձագանքեց. «Մինչեւ հունվարի 1-ը ժամանակ կա»:
Նշենք, որ մի խումբ փաստաբաններ արդեն նախօրեից սկսել են գործադուլը՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտվելով ընդունված նախագծերի վերաբերյալ: Արա Զոհրաբյանը դեռեւս չի շտապում միանալ գործադուլին, որոշել է սպասել եւ հույս ունի, որ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությունն արդյունք կտա: Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, կարծում է, որ Փաստաբանների պալատը պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկեր, ավելին, համոզված՝ Ռուբեն Սահակյանի նախագահության ժամանակ նման օրենսդրական կարգավորում պարզապես անհնար էր, որ լինի:
«Ցավոք սրտի, սակայն, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը վաղուց միջոց ձեռնարկող չէ, անկարող կառույց է եւ այն այս վիճակում դրել է Արա Զոհրաբյանը՝ զոհ տալով այդ կառույցն իր անսահման ամբիցիաներին: Նման կարգավորումներ ժամանակին պատկերացնել անգամ անհնար էր, Ռուբեն Սահակյան՝ Փաստաբանների պալատի նախագահի ժամանակ նման կարգավորումը բացառված էր եւ իրոք, Փաստաբանների պալատը կձեռնարկեր անհրաժեշտ բոլոր միջոցները, որ այդ կարգավորումը չլիներ եւ դա չէր լինի: Հիմա Արա Զոհրաբյանը, որ փողոց դուրս գալու մասին ակնարկներ է անում, թող հիշի, որ երբ ժամանակին Պալատով Վճռաբեկ դատարանի դիմաց ցույց էինք անում, Արա Զոհրաբյանը ճողոպրեց այդ ցույցից: Նա ցույց անող չէ, նա անձնական ամբիցիաներին Պալատը զոհ տանող մարդն է, եւ մենք հիմա քաղում ենք նրա քաղաքականության հետեւանքները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:
Անդրադառնալով Արա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե գործադիրն ու օրենսդիրն արհամարհում են Փաստաբանների պալատին, Երվանդ Վարոսյանը նկատեց, «Ի՞նչ է անում ինքը, որ չարհամարհեն, արհամարհանքին արժանիին պիտի արհամարհեն, նորից եմ ասում՝ երբ նախկինում Պալատը Պալատ էր, ոչ մեկն էլ ռիսկ չէր անի արհամարհելու, իսկ հիմա պիտի արհամարհեն, բա ի՞նչ պիտի անեն»:
Նշենք, որ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր նաեւ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, Պալատի խորհուրդ ընդունված դատական սանկցիաների վարույթների մեծ մասը կարճվում է, իսկ պատասխանատվության ենթարկելու դեպքում երբեք տուգանքներ չեն եղել, միայն նկատողություն, խիստ նկատողություն կամ լրացուցիչ վերապատրաստում: Երվանդ Վարոսյանն ընդգծեց՝ Փաստաբանների պալատի խորհուրդն արդեն լուրջ կառույց չէ եւ ոչ ոք էլ դրան լուրջ այլեւս չի վերաբերվում. «Արա Զոհրաբյանն այս չորս տարվա մեջ Խորհուրդը սարքել է զրո, հիմա ինչքան ուզում ես՝ օրինակ բեր, ինչքան ուզում ես՝ պատմի՝ որն են կարճել, որը չեն կարճել, բոլորը գիտեն՝ Խորհուրդը դու ես, որոշողը դու ես ու դու դա օգտագործում ես բացառապես քո անձնական շահերի համար: Բոլորին պարզ է սա, ոչ մեկն էլ քո ասուլիսին լուրջ չի վերաբերվելու, ուզում ես՝ 5 հատ ասուլիս տուր, 7 հատ էլ նամակ հղի, ժամանակին էր պետք մտածել: Երբ մենք ասում էինք՝ մի արա, դու էլ էս նավով կործանվելու, նա դա ընդունեց որպես անձնական վիրավորանք եւ դարձավ թշնամի որոշ մարդկանց հետ, որոնք պատրաստ չէին ծափ տալու իր նավով խորտակվելուն»:
Եթե Դատական օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ինչ-որ բան հաջողվի շտկել, փաստաբանը համոզված է՝ դա կհաջողվի միայն փաստաբանների շնորհիվ, ոչ թե Փաստաբանների պալատի գործող ղեկավարության:




























