Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն իրեն «համոզված ռուսոֆիլ» է անվանել: Նա այսպիսի հայտարարություն է արել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Թույլ տվեք ինձ հայտարարել, որ ես ռուսոֆիլ եմ,- ասել է նա: - Ըստ որում՝ համոզված ռուսոֆիլ»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան Հյուսիսաին Կորեայի հարցում տարաձայնություններ ունեն, սակայն Մոսկվան եւ Լոնդոնը համակարծիք են, որ Կորեական թերակղզին պետք է ապանուկլեացնել, որ այնտեղ «խաղաղություն եւ անվտանգություն իշխի, որ այս թերակղզին ոչ միջուկային կարգավիճակ ձեռք բերի»:
Լավրովը նշել է, որ ՌԴ-ն Մեծ Բրիտանիայի նկատմամբ ոչ մի ագրեսիվ գործողություն չի ձեռնարկել: «Մենք ոչ մի բանում Լոնդոնին չենք մեղադրել: Հակառակը՝ մենք մեղադրանքներ ենք լսել, նույնիսկ մեզ համար բավական վիրավորական ձեւակերպումներով»,- ասել է նա:
Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերություններում առաջընթացի մասին՝ Bentley ավտոմեքենաների օրինակով: «Որքանով ինձ հայտնի է, այս տարի 300 Bentley է մատակարարվել, հնարավոր է՝ ոչ ԱԳՆ աշխատակիցներին, բայց, այդուհանդերձ, սա առաջընթացի նշան է»,- ասել էր Ջոնսոնը՝ հավելելով «Մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատել լավագույն ապագայի ապահովման համար»:




























