Խորհրդարանական դիվանագիտությունը շատ արդյունավետ մեխանիզմ է: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ դա նկատելի է որակի եւ քանակի աճի դինամիկայի տեսակետից: «Սա լիովին մտնում է խորհրդարանական պետության ձեւավորման տեսլականի մեջ խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում խորհրդարանի դերի բարձրացման տեսակետից»,- պարզաբանեց Աշոտյանը՝ հավելելով, որ այս աշխատանքն իրականացվում է բոլոր ուղղություններով՝ սկսած խորհրդարանի ղեկավարությունից եւ ավարտած տարբեր երկրների գործընկերների հետ բարեկամության խմբերով: Աշոտյանը հավաստիացրեց, որ երկրի սահմաններից դուրս գտնվելով՝ հայկական պատվիրակությունները եւ բարեկամության խմբերը բավական հաջող են աշխատել: