Երեկ խորհրդարանում հագեցած օր էր: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանում դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն լիարժեք քաղաքական մշակույթի ձեւավորման առումով:

«Եվ մինչ այդ մշակույթի ձեւավորումը այսպիսի միջադեպերը անխուսափելի են: Սա առաջին անգամ չէ, երբ ընդդիմության ներկայացուցիչները օգտվում են այս կամ այն հարցի քվեարկությունը հետաձգելու իրենց հնարավորությունից: Սակայն առաջին դեպքն է, երբ դա տեղի է ունենում տասնմեկերորդ անգամ»,- ասել է Աշոտյանը` հավելելով, որ խորհրդարանում տիրած զգացմունքներն ու լարվածությունը արդեն մարել են: Իշխող կուսակցության ներկայացուցիչը նաեւ կարծում է, որ խորհրդարանականները պետք է սովորեն լսել միմյանց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին «Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ մեծ սկանդալ էր առաջացել: Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը նախապես հայտարարել էր, որ քվեարկության է դրվելու սահմանադրական օրենք, որը կարող է ընդունվել միայն 63 «կողմ» ձայնով:

Սակայն օրենքի նախագիծը հաստատվել էր ընդամենը 61 ձայնով: Բաբլոյանը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատում, եւ որ նա «ընդունել է» վերջինիս բանավոր «կողմ» ձայնը:

Սակայն «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջել են երկրորդ անգամ քվեարկել: Խորհրդարանի նախագահը հրաժարվել էր: Որպես բողոքի նշան՝ պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը:

Ավելի ուշ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը սկսել է պնդել, որ օրինագիծը սահմանադրական չէ եւ որ Բաբլոյանը այն սխալմամբ է սահմանադրական անվանել, հետեւաբար, օրինագծի ընդունման համար բավարար են պարզ մեծամասնության ձայները, այլ ոչ թե՝ 3/5-ի:

Դեկտեմբերի 21-ին սկանդալը շարունակվում էր. «Ելք» խմակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր քվեարկությունից առաջ օգտվում էր 20-րոպեանոց ընդմիջման հնարավորությունից: