Ռուսաստանը չի պատրաստվում համաշխարհային ժանդարմի դեր խաղալ, մենք արտասահմանում տեղակայված անհամար թվով բազաների կարիք չունենք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մեզ պետք չեն ամբողջ աշխարհով տեղակայված անհամար բազաներ, եւ մենք չենք պատրաստվում համաշխարհային ժանդարմի դեր խաղալ: Մեզ, ըստ ամենայնի, դա պետք չէ, եւ դա պարզապես թանկ է: Դա մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- ասել է Պուտինը:

«Մենք անպայմանորեն ապահովելու ենք մեր երկրի պաշտպանունակությունը: Կա եւս մեկ բան, ինչին մենք ապավինում ենք նման հաշվարկների դեպքում, եւ ես սա ասում եմ առանց հեգնանքի. մենք ապավինում ենք մեր խաղաղարար արտաքին քաղաքականությանը», - նշել է ՌԴ նախագահը` մանրամասնելով, որ «այդ վստահությունը հիմնված է հաշվարկների եւ ձեր հետ համատեղ աշխատանքի վրա»:

ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների մրցավազքի մեջ: «Դեռ Սուվորովն էր սովորեցնում, որ պետք է պատերազմել ոչ թե թվով, այլ հմտությամբ: Եվ նման լավ ժողովրդական ասույթներ շատ կան, օրինակ. «Եթե կա ուժ, խելք հարկավոր չէ»:

Մեզ խելք է պետք, մենք չենք հենվի միայն ռազմական մկանների վրա, մենք չենք ներքաշվի մեր տնտեսությունը հյուծող անիմաստ սպառազինությունների մրցավազքի մեջ», - ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստին: