Մոլդովայի խորհրդարանը հաշվի չի առել նախագահ Իգոր Դոդոնի պնդումները, այսպես կոչված, «քարոզչությունը» արգելող օրենքի դեմ, հայտնում է Noi.md լրատվական պորտալը: Մոլդովացի պատգամավորները այսօր կրկին քվեարկել են ռուսաստանյան քարոզչության արգելքի մասին օրինագծի օգտին:

Իրավական հարցերով նախագահի խորհրդական Մաքսիմ Լեբեդինսկին հայտարարել է, որ այս նախագիծը հակասում է Սահմանադրությանը եւ կապ չունի պետության տեղեկատվական անվտանգության ապահովման հետ: Ավելին, ըստ նրա, փաստաթղթի դրույթները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

«Մենք պետք է քաղաքացիներին տեղեկատվության ազատ հասանելիություն տրամադրենք՝ անկախ այն բանից, թե որտեղից է այն գալիս: Մենք յուրաքանչյուր քաղաքացուն համարում ենք խելացի մարդ, որը կարող է հասկանալ, թե ինչ տեսակի ալիք է դիտում: Մենք պետք է թույլ տանք լսել եւ դիտել այն, ինչ նա ուզում է», - հայտարարել է Լեբեդինսկին: