ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել է արծվաշենցիների հետ եւ խոստացել, որ նրանց խնդիրը փուլային լուծում կստանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը:
«Նախարարն ու փոխմարզպետը մի քանի օր առաջ բնակիչների հետ հանդիպեցին եւ ասեցին, որ կուսումնասիրեն, թե որ տներն են վթարային եւ ըստ այդմ ամեն տարի 10-15 նոր տուն կկառուցեն բնակիչների համար»,-ասաց համայնքապետը:
Համայնքապետը հավելեց, որ պետությունը չի նախատեսում որեւէ օգնություն այն բնակիչներին, ովքեր իրենց միջոցներով են տուն կառուցել:
Մամիկոն Խեչոյանի խոսքով` բնակիչները դժգոհ են մնացել նախարարի հետ հանդիպման արդյունքներից եւ պատրաստվում են մոտ ժամանակներս նորից բողոքի ակցիաներ կազմակերպել:
Նշենք, որ գույքային փոխհատուցման համար բնակիչները 2006 թվականին դիմել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դեռ պատասխան չունեն:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ արծվաշենցիները փոխահատուցում են պահանջում Ադրբեջանի տարածքում մնացած իրենց անշարժ և շարժական գույքի համար: Բնակիչները նշում են, որ Կառավարությունից մեկ անգամ են 300 հազար դրամի չափով փոխհատուցում ստացել 3 տարի առաջ:
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքը օկուպացվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին: Դրանից հետո գյուղից բռնի տեղահանված բնակիչները հաստատվել են հիմնականում Ճամբարակում և դրա հարակից գյուղերում:




























