2017թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 87,1 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.1 %-ով: NEWS.am-ին Զբաղվածության պետական գործակալությունից հայտնում են, որ գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,4%-ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9,7%-ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 82,1%-ը, կամ 71.5 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.7%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 11.3%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի  66.6 %-ը, կամ 47.6 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24.2 %-ը կամ 17.3 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 3.1 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում է 36,0%, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ նվազել է 13.1%-ով: