Հրազդանցի 2-ամյա Ալեքս Մանասյանն ունի լսողական լուրջ խնդիրներ, որոնց ծնողները բախվել են 8 ամսականից՝ բժշկի մոտ հերթական այցի ժամանակ: Ախտորոշումը՝ երկկողմանի սենսոնեւրալ ծանրալսություն: NEWS.am-ի հետ զրույցում փոքրիկի հայրը՝ Գարիկ Մանասյանը, պատմեց, որ միայն վիրահատական միջամտության արդյունքում երեխան կսկսի լսել եւ ընկալել աշխարհը.
«8 ամսական էր, տարանք տեղամասային բժշկի մոտ հերթական կոնսուլտացիայի եւ բժիշկն ասաց, որ կասկածում է խլություն ու խորհուրդ տվեց տանել «Արաբկիր» ԲԿ: Տարանք, պարզվեց, որ իսկապես նրա մոտ 4-րդ աստիճանի լսողություն է ու 1 տարեկանում սարք տեղադրեցին: Որոշ ժամանակ անցավ, նկատեցինք, որ երեխան լսողական խնդիրների հետեւանքով չի խոսում, խոսքը բացարձակ զարգացած չէ: Պարզվեց, որ սարքը չի օգնում: Այն շատ լավն է, բայց չի օգնում, մեր տղան լսում է ձայներ, օրինակ բարձր երաժշտություն, կամ ինքնաթիռի ձայն, բայց մյուս ձայները, մեր խոսքը, չի լսում ու չի ընկալում: Դիմեցինք «Էրեբունի» ԲԿ, որտեղ մեզ ասացին, որ միայն վիրահատությունը կարող է օգնել երեխայի լսողությունը վերականգնելու համար»,-պատմեց Գարիկ Մանասյանը:
Ալեքսի հոր հավաստմամբ, կոխլեար իմպլանտ պիտի տեղադրվի, որը ե'ւ Հայաստանում, ե'ւ արտերկրում շատ թանկ արժե, իսկ նման վիրահատության հնարավորություն ընտանիքը չունի: Բժիշկների խոսքով, միայն վիրահատությունը 2 մլն 700 000 դրամ արժե (շուրջ 5600 դոլար), իսկ իմպլանտը՝ մոտ 20 000 եվրո. «Վիրահատությունը պիտի Էրեբունիում արվի: Արդեն մի քանի տարի է, տարին մեկ անգամ արտասահմանից մասնագետներ են գալիս եւ անում այդ վիրահատությունը: Ներքին իմպլանտ պիտի տեղադրվի գլխում, որը պիտի ծառայի ամբողջ կյանքի ընթացքում եւ արտաքին, որը ժամանակ առ ժամանակ պիտի փոխվի: Մեզ ԲԿ-ից ասացին, որ արդեն երեք տարի 20 000 եվրոյից 15 000 եվրոն հիմնադրամների միջոցով հավաքվում է, մնացած 5 000 եվրոն մենք պիտի գտնենք ու նաեւ 2 մլն 700 000 դրամը: Այդ ամբողջը ներառում է հիվանդանոցում գտնվելու ողջ ծախսերը, մեկ տարվա սպասարկումը: Մեր վիրահատությունը պիտի արվի, երեւի թե ամռան ամիսներին ու մինչ այդ մենք պիտի կարողանանք գումար հավաքենք: Միայն ես եմ աշխատում, բայց չեմ էլ պատկերացնում, թե ոնց պիտի գտնեմ գումարը: Իմ նպատակը միայն մեկն է, որ Ալեքսը կարողանա խոսել ու լսել, ընկալել աշխարհը»,-նշեց Գարիկը:
Քանի որ փոքրիկ Ալեքսի խոսքը զարգացած չէ, ծնողները նրան տանում են ՝ սուրդոմանկավարժի մոտ, որը նույնպես վճարովի է: Երեխան արդեն երկու տարեկան է, բայց դեռ չի խոսում: Ծնողները մեծ հույսեր ունեն, որ բարերարների ու հովանավորների օգնությամբ պահանջվող գումարը կհավաքվի ու իրենց փոքրիկն էլ կկարողանա խոսել ու լսել: Այս ընտանիքին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ: Փոքրիկ Ալեքսին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նաեւ 093565634 եւ 043505634 հեռախոսահամարներով՝ Գարիկ Մանասյանին:
AMD 16025079636607
USD 16025079636608
EUR 16025079636609
RUR 16025079636610
































