Ամանորը հայերի ամենասիրած ընտանեկան տոներից մեկն է: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սակայն, ըստ նրա, այնպիսի տպավորություն է, որ Ամանորը նշելիս յուրաքանչյուր ընտանիքի ղեկավար, կարծես, հաշվետվություն է ներկայացնում անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին, եւ այդ հաշվետվությունը պրոյեկտվում է տոնական սեղանի վրա:

«Հայաստանում մեկ շնչի հաշվով եկամուտը 10%-ով նվազել է, նվազել են նաեւ փոխանցումները Ռուսաստանից: Ընտանիքների՝ Ռուսաստան մեկնելու դեպքերը ավելացել են», - շարունակել է Ադիբեկյանը` հավելելով, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ընտանիք ապրում է կենսաթոշակային կամ սոցիալական նպաստների հաշվին, եւ երկրի բնակչության միայն կեսը կարող է ծախսերը աշխատանքի հաշվին ապահովել: Բացի այդ, ինչպես նշել է սոցիոլոգը, գների բարձրացումը լրջորեն ազդել է Ամանորի տոնական սեղանի որակի եւ արժեքի վրա: Այդպես, ըստ վերջինիս, եթե մսի գինը աճում է, ապա տան պայմաններում պատրաստված ուտելիքները, որոնք միս են պարունակում, նույնպես թանկանում են: Ինչից ելնելով՝ սոցիոլոգը հաշվարկել է, որ 5 հոգանոց ընտանիքի համար տոնական սեղանի առավելագույն արժեքը կկազմի 50 հազար դրամ:

«Բայց չէ որ հյուրեր են գալու: Հետեւաբար, տոնական սեղանը պետք է հաշվարկվի ոչ թե 5, այլ 15 հոգու համար, ինչը նշանակում է, որ ծախսերը կեռապատկվեն», - նշել է սոցիոլոգը` ավելացնելով, որ Հայաստանում շատ ընտանիքներ վարկեր են վերցնում բանկերից եւ պարտքերի տակ են ընկնում՝ ամանորյա տոները պատշաճ կերպով նշելու համար:

Ըստ Ադիբեկյանի՝ Հայաստանում բնակչության 10%-ը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, եւ բնակչության միայն 5-10%-ը կարող է իրեն թույլ տալ նշել Ամանորը այլ երկրում, օրինակ՝ Եգիպտոսում, Թուրքիայում, Կիպրոսում կամ Ռուսաստանում: Միեւնույն ժամանակ, վերջինիս խոսքով, 5% -ը Ամանորը նշում է ռեստորանների եւ սրճարաններում: