Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանում արտադրվող թռչնաբուծական արտադրանքը անհամեմատ ավելի լավն է եւ անվտանգ, քան ներմուծվածը:

Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հայ թռչնաբույծները չեն օգտագործում սննդամթերքի հակաբիոտիկներ, խթանիչ հորմոններ, ինչպես նաեւ աստիճանաբար անցում են բուսական ծագման կերի:

 «Մենք արտադրում ենք մթերք, որը խանութների սառնարաններում 3-5 օրվա ընթացքում թարմ մնում է: Եթե դուք գնում եք էժան ներմուծված արտադրանք, որակի վրա հույս մի դրեք», - շեշտել է Սերգեյ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ հայկական խանութներում վերջերս հայտնաբերվել է ռուսական «Կուրնիկով» ընկերության հավը, որը հայ վերավաճառողներն են ներկրում:

«Մենք ոչ պաշտոնական լաբորատոր ուսումնասիրություն ենք անցկացրել եւ պարզվել է, որ այս ընկերության մեկ կիլոգրամ հավի մսի մեջ 12-15 տոկոս ջուր է պարունակվում, մինչդեռ թույլատրելի չափը զանգվածի 4 տոկոսն է կազմում», - ասել է նա` ավելացնելով, որ երբ ջրի թույլատրելի չափը ավելանում է,  հավի մսում տարբեր տեսակի մանրէների բազմացման համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: