Խորհրդային տարիներին բանակում չծառայելը համարվում էր որոշակի առումով կարգավիճակի նշան։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով, մեր անկախության տարիները ճիշտ հակառակն են արել, բերելով այն ըմբռնումը, որ քաղաքացին պետք է ծառայի բանակում։

«Մենք մի քանի քայլ ձեռնարկել ենք։ Շրջանառության մեջ ենք դրել օրինագիծը, որով բոլոր պաշտոնյաները պետք է ներկայացնեն իրենց եւ իրենց ընտնիքի՝ բանակին ունեցած առնչությունը»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, թե չի կարող ասել, որ նախագծերը մեկ օրում լուծելու են բոլոր հարցերը. «Հանրային քննարկման մեխանիզմները պետք է քայլ-առ քայլ տանեն այն դաշտ, որ մարտական հերթապահություն կատարող զորամասերում ծառայելը պատվաբեր է»։

Դիտարկմանը, թե իր կուսաքկից ընկերներից շատերը եւ նրանց որդիները չեն ծառայել եւ խուսափել են բանակից, նախարարը պատասխանել է. «Իմ կուսակցական ընկերները, ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ երբեւէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որեւէ զորամաս»։

Նա նշել է, որ հանրության շրջանում կան ավանդույթներ՝ խորը արմատներ ունեցող, որ բանակում ծառայելուց պետք է խուսափել, եւ այժմ իրենք փորձում են կոտրել այդ ավանդույթները։