Պաշտպանության նախարարությունում տերուտիրականը միշտ պետք է լինի պաշտպանության նախարարը։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Պաշտպանության նախարարությունում տերուտիրականը միշտ պետք է լինի պաշտպանության նախարարը։ Վայ էն երկրին, որտեղ այդպես չէ»,- ասել է նախարարը՝ խոսելով իր եւ Մովսես Հակոբյանի հարաբերությունների մասին։ Նա նշել է, թե զինվորականության հետ իր հարաբերությունները թե նախարարի պաշտոնում, թե դրանից առաջ միշտ եղել են փայլուն։ «Ես խորը հարգանք եմ տածում այն նվիրումի նկատմամբ, որով իրենց կյանքը ապրում են մեր բանակի սպաները։ Դա շատ ծանր մասնագիտություն է։ Իրոք համադրության մեջ, եթե նայենք մյուս այլ մասնագիտությունների մեջ, ամենաորակյալ, հետեւողական քաղաքացիները սպաներն են»,- նշել է նախարարը։

Խոսելով մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե իր եւ Գլխավոր շտաբի պետի հարաբերությունները լարված են, Վիգեն Սարգսյանը նշել է. «Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։  Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են։ Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ։ Շտաբի պետը երբեք չի կարող արդյունավետ կառավարել զորքը, եթե չունի նախարարի լիարժեք վստահությունը, պաշտպանության նախարարը երբեք չի լինել արդյունավետ, եթե չի հենվում գիտակ եւ կարող շտաբի պետի վրա»։

Պնախարարն անդրադարձել է նաեւ շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանի ազատման մասին։ «Ես ընդամենը համարել եմ, որ աշխատանքային հարաբերություններում եղել է խնդիր, որը անհամատեղելի էր այդ հարաբերությունների շարունակականության հետ։ Որոշումը միշտ երկրի նախագահինն է»,- ասել է նա՝ հավելելով. «Ես բարձր եմ գնահատում Հայկազ Բաղմանյանի մարտական ուղին եւ այն գործը, որ նա կատարել է արցախյան պատերազմի օրերին։ Նրա գիտելիքները, փորձը կարող են շատ պետք գալ երկրին ծառայելու համար»։