Հակաահաբեկչական խնդիրները չեն կարող օգտագործվել ռեժիմների տապալման նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անչափ մտահոգում են հակաահաբեկչական խնդիրները շահարկելու փորձերը, որոնք պետք է բոլորի համար ընդհանուր, միասնական եւ առանց երկակի ստանդարտների լինեն,- ասել է նա: - Այդ խնդիրները չպետք է օգտագործվեն իրենց օրակարգն առաջ մղելու համար, այդ թվում՝ նաեւ անցանկալի ռեժիմները փոխելու համար»:
Լավրովն ուշադրություն է դարձրել, որ ԱՄՆ վարչակազմն ակտիվորեն առաջ է մղում «բռնի ծայրահեղականությանը դիմակայելու» հայեցակարգը: «Այս հայեցակարգով բռնի ծայրահեղականությունը գեներացնում են ավտորիտար ռեժիմները, որոնք իրենց ժողովուրդներին սովի մեջ են պահում եւ ժողովրդավարության բացակայության պայմաններում, ճնշում են քաղաքացիներին, խախտում մարդու իրավունքները»,- նշել է Լավրովը: - Այդ պատճառով միջազգային հանրությունը պետք է օգնի քաղաքացիական հասարակությանը այդ երկրի կառավարությանը բացատրել, թե ինչպես պետք է ժողովրդավարությունն առաջ ընթանա, որ կյանքն ավելի լավանա, եւ այդ դեպքում ծայրահեղական տրամադրությունների պատճառներ չեն լինի»:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ համանման գործողությունները, որոնք որոշ երկրներ իրենց նեղ շահերը հետապնդելով՝ քողարկում են հակաահաբեկչական խնդիրներով, խանգարում են իրական ընդհանուր նպատակին՝ ահաբեկչությանը հակազդելուն:



























