Ներկայումս հումք ձեռք բերելու համար գյուղացիներին «Վինար» ընկերության պարտքը կազմում է 34 միլիոն դրամ: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա հույս հայտնեց, որ ընկերությունը կհասցնի պարտքերը լրիվ մարել Ամանորի տոներից առաջ: Փոխնախարարի խոսքով, գյուղացիներին վերամշակող ձեռնարկությունների պարտքերի 90 տոկոսը վճարվել է 2017 թվականի ընթացքում, մնացել են միայն մի քանի ձեռնարկություններ, որոնք մինչեւ 2018 թ. ապրիլի 1-ը կմարեն։
Հիշեցնենք, որ «Վինար» ընկերությունը 2015 թվականից Արարատի մարզի գյուղացիներին պարտք է հումք ձեռք բերելու համար: Գյուղատնտեսության նախարարությունը բազմիցս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն ընկերության պարտքի վճարումն ապահովելու համար: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը չունի ակտիվներ պարտքերի մարման համար:
Օգոստոսի 31-ի դրությամբ վերամշակող ձեռնարկությունների կուտակած պարտքը 1660,4 մլն դրամ է կազմել: Այս գումարի մոտ 80 մլն դրամը պտուղ-բանջարեղենային հումքի համար է, որից 34 միլիոնը բաժին է ընկնում «Վինար» ընկերությանը։



























