2018 թվականին Հայաստանում քարտեզագրման նյութ հավաքելու աշխատանքներ կսկսվեն խաղողի տնկիների կադաստրի ներդրման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ այս աշխատանքները կիրականացվեն 2016-ին հիմնադրված Խաղողագործության ու գինեգործության օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: «Սա հնարավորություն կտա հասկանալ, թե Հայաստանում խաղողի ինչ տեսակներ են աճում, ինչ ծրագրեր պետք է մշակել խաղողագործության ու գինեգործության զարգացմանը նպաստելու համար»,- նշեց Մակարյանը:

Նա այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ դրանից բացի, սա հնարավորություն կտա լիարժեք կարգավորել վերամշակող ձեռնարկությունների եւ գյուղարտադրանք արտադրողների միջեւ հարաբերությունները: