Երեւանի քաղաքապետարանը քաղաքաշինական փաստաթղթերի եւ շինարարական թույլտվությունների տրամադրման կարգը պարզեցերլ է եւ կրճատել ժամկետները. Մասնավորապես, 20-25 օրվա փոխարեն, արդեն 1-2 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով շինթույլտվություններ են տրամադրվում Երեւանում ենթակառուցվածքների շահագործումն ու սպասարկումն իրականացնող «Գազպրոմ Արմենիա»,  «Վեոլիա Ջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն կիրառվող երկրորդ կարեւոր նախաձեռնությունն էլ վերաբերում է ավարտական ակտերի տրամադրման գործընթացին, համաձայն որի եթե իրականացվող կառուցապատման ընթացքում չի պահանջվում ենթակառուցվածքների նոր միացումների կամ եղածի փոփոխություններ, ապա դուրս է բերվում քաղաքացուց ավելորդ տեղեկանքներ պահանջելն ու հանձնաժողովներում մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման եւ փաստաթղթերի ստորագրման գործառույթը, ինչն էապես կրճատում է ավարտական ակտի տրամադրման ժամկետները եւ քայլերը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նաեւ հավելել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված վերոնշյալ քայլերն էապես հեշտացրել են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու գործընթացը: