Հայաստանում ապօրինի ձկնորսության, խեցգետնի որսի նկատմամբ անցած տարիների համեմատությամբ վերահսկողությունը խստացվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ չնայած խստացմանը, ապօրինի ձկնորսությունը շարունակվում է: Բնապահպանն այս հանգամանքը բացատրեց մարզերում ծանր սոցիալ-տնտեսական կյանքով. աշխատատեղեր չկան, ապրուստի միակ միջոցը մնում է խեցգետնի որսը, ապօրինի ձկնորսությունը:

«Ավելի լուրջ մոտեցում կա այս առումով, բայց մինչեւ մենք մարզերում սոցիալ-տնտեսական  խնդիրները չլուծենք, այս պատերազմն անվերջ ա: Մարդիկ ապրելու այլ հնարավորություն չունեն, իրենց աչքը լճի վրա է: Այս խնդրին պետք է համալիր մոտենալ՝ մարզերում աշխատատեղեր ստեղծել, նախարարությունն իր գործն է անում, բայց կառավարությունն էլ այս առումով պետք է ամեն ինչ անի, որպեսզի սոցիալ տնտեսական իրավիճակը բարելավի, հատկապես Գեղարքունիքի մարզում, որպեսզի մարդիկ կարիք չունենան դուրս գալ լիճ եւ որսագողությամբ զբաղվեն»,-ասաց նա:

Կարինե Դաիելյանը նշեց, որ Սիգ տեսակի, Իշխանի տարբեր ենթատեսակներ, հատկապես էնդեմիկ տեսակներն արդեն ոչնչացման եզրին են, բայց քաղաքացիներն էլ սոված են. ստիպված են դրանք որսալ՝ հանապազօրյա հաց վաստակելու համար:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ապօրինի ձկնորսությանը՝ կոչ անելով քաղաքացիներին «զսպել ախորժակները» եւ ձուկ չորսալ: